Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր. Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի ԱՆ ղեկավարի հետ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր. Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի ԱՆ ղեկավարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի հետ մտքեր են փոխանակվել ճգնաժամային պայմաններում առողջապահական համակարգի մարտահրավերների, դրանց արագ արձագանքման, բուժօգնության օպերատիվ կազմակերպման հարցերի շուրջ:

Հանդիպմանը խոսվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թեմայի շուրջ` որպես համաշխարհային առողջապահական հիմնախնդիր:

Շվեդիայի առողջապահության նախարար Աքկո Անկարբերգ Յոհանսոնի հետ քննարկման հիմնական կետերն են եղել առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը միտված աշխատանքները: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել այս ոլորտում Հայաստանում կատարվող աշխատանքները, կարևորվել է առաջնային բուժօգնության կազմակերպման շվեդական հաջողված փորձը:

Լիտվայի գործընկերոջ` Աուրիմաս Պեչկաուսկասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային մի շարք հարցերի` կարևորելով նեղ մասնագետների միջև փորձի փոխանակման շարունակական ապահովումը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով Շվեդիայի և Իսպանիայի հաջողված փորձը առողջության համապարփակ ծածկույթի` որպես սոցիալական արդարության և հասանելի բուժօգնության մոդելի, գործընկերների հետ փոխանակել է մտքեր և ներկայացրել ընթացիկ աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում