Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Զագրեբում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 2-ից 3-ը Զագրեբում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում է եղել Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։

Խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԱԵԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովի, վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վլադիմիր Դրոբնյակի, նախագահի արտաքին և եվրոպական հարցերով խորհրդական Նեվեն Պելիցարիչի, ինչպես նաև` խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորությամբ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-խորվաթական երկկողմ օրակարգին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, տնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա վիճակին և հետագա խորացմանը, այդ գործընթացում Խորվաթիայի դերին և ԱլԳ առաջիկա գագաթնաժողովին առնչվող հարցերի:

Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, գերեվարված անձանց անհապաղ վերադարձի կարևորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում