Տեղի է ունեցել ուսանողների համար կազմակերպված աշնանային դպրոցի փակման արարողությունը

Հայաստանի հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ
ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության
վարպետություն» աշնանային դպրոցի փակման արարողությունը:
Աշնանային դպրոցի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ
ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հումանիտար և
հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը,
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, Ժուռնալիստիկայի
ֆակուլտետում դասավանդող՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Լուսինե Վասիլյանն
ու Լիլիթ Աղբալյանը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն
հայտնեց Հանրային ռադիոյի տնօրինությանը և աշխատակիցներին՝ նշելով, որ
Հանրային ռադիոն ոչ միայն բացառիկ լրատվամիջոց է՝ միշտ երիտասարդ ու
կենսունակ, այլև յուրահատուկ դպրոց:
«Երկրի մայր ռադիոընկերությունը լուսավոր կենսագրություն ունի, փորձառու և
նվիրյալ աշխատակիցներ, նաև՝ մեծ լսարան»,- ասաց դեկանը՝ փաստելով, որ
Հանրային ռադիոն մեր կյանքի բարդ ու հակասական շրջափուլերում երբեք
վստահության ճգնաժամ չի ապրել:
ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանն էլ առանձնահատուկ շեշտեց Հանրային ռադիոյի
հետ ստեղծված համագործակցության կարևորությունը՝ փաստելով, որ այժմ
ցանկացած ոլորտի զարգացում հնարավոր չէ ապահովել առանց հաջողված
համագործակցությունների:
«Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի կազմակերպած դպրոցը
հաջողված համագործակցության դասական օրինակ է, և մենք բոլորս այսօր
հարստացել ենք մի նոր հաջողված ծրագրով»,- փաստեց ԵՊՀ պրոռեկտորը՝
շնորհակալություն հայտնելով Հանրային ռադիոյին նմանատիպ հետաքրքիր դասընթաց
անցկացնելու հնարավորության և դրսևորած պատրաստակամության համար:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն էլ ասաց, որ իրենց
համար մեծ պատիվ էր աշխատել ԵՊՀ ուսանողների հետ՝ ձեռքը պահելով նոր սերնդի
զարկերակի վրա:
Մեզ հետ զրույցում Հանրային ռադիոյի աշխատակից, ԵՊՀ դասախոս Լիլիթ
Աղբալյանը, ամփոփելով մեկշաբաթյա դպրոցի ձեռքբերումները, փաստեց, որ
ուսանողները, գտնվելով Հանրային ռադիոյի նման ակադեմիական կառույցում,
տարբերակելու են փողոցային լրագրությունը ճշգրիտ, «ազնվական» և օբյեկտիվ
լրագրությունից. «Դպրոցի սաները՝ որպես ապագա լրագրողներ, կարողանալու են
հանրությանն ապահովել համակողմանի տեղեկատվությամբ, ինչի կարիքը վերջինս
այս պահին ամենաշատն ունի»:
Աշնանային դպրոցի մասնակից Ռուզաննա Ստեփանյանն էլ շեշտեց, որ
համալսարանում ձեռք բերած գիտելիքներն էլ ավելի ամրապնդվեցին դպրոցի
արհեստավարժ մասնագետների շնորհիվ, որոնք ոլորտի առաջատար
ներկայացուցիչներից են:
Փակման հանդիսավոր արարողության վերջում դպրոցի մասնակիցները ստացան
վկայագրեր, որից հետո Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհավորելով ուսանողներին,
հույս հայտնեց, որ աշնանային դպրոցը շարունակություն է ունենալու այլ
ձևաչափերով և բովանդակությամբ:
Կարծիքներ