2023թ. ՀՀ-ում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել. իրավապահներն են շտապել աղմկահարույց ձերբակալություն-կալանք շոու բեմականացնել. Գևորգ Սիմոնյան
Փոխքաղաքապետի իմ լիազորություններն այս պահին հասկանալի պատճառներով ժամանակավորապես կասեցված են, դադարեցման մասին խոսք չկա։ Այս մասին Radar Armenia-ի հետ բացառիկ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
- Հայտնի է, որ վերաքննիչ դատարանը մերժել է Ձեր բողոքը: Պատրաստվո՞ւմ եք կրկին բողոքարկել:
- Վերաքննիչ դատարան իմ կողմից հասցեագրված բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվի ապրիլի 27-ին։ Եթե Վերաքննիչն իսկապես մերժի, ապա՝ այո, իհարկե, պատրաստվում եմ բողոքարկել օրենքով ինձ վերապահված բոլոր հնարավոր հարթակներում և միջոցներով:
- Եղան նաև հրապարակումներ, որ փոխքաղաքապետի Ձեր լիազորությունները դադարեցվելու են: Որքանո՞վ են այդ լուրերը հավաստի:
- Փոխքաղաքապետի իմ լիազորություններն այս պահին հասկանալի պատճառներով ժամանակավորապես կասեցված են, դադարեցման մասին խոսք չկա։ Փաստաբանս և եղբայրս փոխանցել են, որ քաղաքապետարանի գործընկերներս սպասում են շուտափույթ վերադարձիս, ինչն, անխոս, ինձ շատ է ոգևորում։
- Պարոն Սիմոնյան, կան պնդումներ, որ Ձեզ հետ կապված գործն առավելապես քաղաքական ենթատեքստ ունի: Դուք ևս այդպե՞ս եք կարծում։
- Գիտեք, քաղաքական ենթատեքստ կարող ենք գտնել ցանկացած քրեական գործում, որը կապված է կամայական պաշտոնյայի հետ։ Բայց, վստահ եմ, որ քաղաքական իշխանությունն այս գործում որևէ մասնակցություն չի ունեցել։ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում «վերևից» գործ կարելու հրահանգներ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է իմ քրեական գործին, կարծում եմ, իրավապահներն են շտապել աղմկահարույց ձերբակալություն-կալանք շոու բեմականացնել, թերևս նվազած վարկանիշը բաձրացնելու համար: Կասկած չունեմ, որ առաջիկայում այս գործընթացը նույնքան աղմկահարույց վախճան է ունենալու։
- Գո՞հ եք Ձեր պահման պայմաններից:
- Պետք է նշեմ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պայմանները բավարար են այս ժամանակահատվածն արժանապատիվ անցկացնելու համար՝ թարմ սնունդ, պատշաճ բուժօգնության մակարդակ, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ և պրոֆեսիոնալ աշխատակազմ։ Կարևորը՝ այստեղ վերջապես ժամանակ ունեցա լրացնելու ընթերցանության բացը, որը վերջին տարիների ծանրաբեռնվածությանս պատճառով էր առաջացել:
- Մամուլը գրեց, որ, որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն Ձեզ ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է, այսպես ասած, «զոն նայողների» հսկողության տակ, այլև, պարզվում է, Ձեզ և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին նույն խցում են նստեցրել: Պատճառը, ըստ նույն հրապարակումների, այն է, որ այդպես վարվում են այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և, նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով, հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նախաքննության մարմինը նոր փաստեր ձեռք կբերի: Կան նաև հրապարակումներ, որ Դուք ցանկացել եք մենախուց տեղափոխվել: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
- Եթե անկեղծ, ես չգիտեմ սովորաբար ուր են տանում կամ ինչպես են տեղաբաշխում նման դեպքերում։ Բաբկեն Շահումյանի հետ երբեք չեմ գտնվել և հիմա էլ չեմ գտնվում նույն խցում, դա ապատեղեկատվություն է: Ինչ վերաբերում է գաղտնալսելուն, կարծում եմ, առանց դատարանի համապատասխան թույլտվության դա անհնար է: Ցանկացած պարագայում գաղտնալսելու նյութ էլ չկա:
- Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդում է, որ իրեն չեն հարցաքննել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրան չեն հարցաքննում:
- Ինձ համար ևս տարակուսելի է պարոն Թորոսյանին չհարցաքննելու փաստը: Հատկապես, երբ նա հրապարակային հայտարարում է, որ իրեն հարցաքննելու դեպքում այս մեղադրանքը պարզապես կփոշիանա։ Այս հանգամանքին ես ոչ մի բացատրություն չունեմ։ Դեռ ավելին՝ ինձ էլ է շատ հետաքրքրում նույն հարցը, կարծում եմ, որ քննության շահերից է բխում բոլոր պատասխանատու անձանց հետ զրուցելը, հարցերին պատասխաններ ստանալը:
- Պարոն Սիմոնյան, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի` Դուք, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չեք կատարել Ձեր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Հայտնի է, որ չեք ընդունում Ձեզ առաջադրված մեղադրանքը:
- Իմ ծառայողական պարտականությունները կատարել եմ ՀՀ ԱՆ կանոնադրության, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Առողջապահության նախարարի համապատասխան հրամանների շրջանակում։ Համավարակի ընթացքում պարտականություններս կատարել եմ պատշաճ, ինչի համար ՀՀ նախագահի և վարչապետի կողմից արժանացել եմ բարձրագույն պետական պարգևների։ Պնդում եմ, որ իմ կատարած աշխատանքը չի վնասել ՀՀ օրինական շահերին:
- ՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ձեր պարտականությունները չեք կատարել նաև այն պատճառով, որ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Այս ամենը շատ զավեշտալի է։ Մեղադրանքի տրամաբանությունն ինձ հիշեցնում է «Կարգին հաղորդման» հայտնի դրվագը՝ «Եթե արկղը քառակուսի է, ապա ներսում կլոր է»:
Կարծիքներ