Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով

Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով

 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Եթե սկզբնական շրջանում նախատեսում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, և կատարողականը՝ 107.2 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ եկամուտներն ավելի են եղել 10.3 տոկոսով կամ 74.2 մլրդ դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը:

Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել և կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի  կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86.6 տոկոս: «Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13.2 տոկոսով ավելի է»,-ասաց նախարարը:

Դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր: «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179  մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը նախատեսում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը դա կապեց հարկերի ավելի հավաքագրման հետ, ինչպես նաև համարեց հետևանք  նրա, որ որոշ ուղղություններով ծախսերը կատարված են եղել ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված էին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում