Նարեկ Մկրտչյանը Չեխիայի փոխվարչապետի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեցկայի հետ։
Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենսաթոշակային ապահովության, ավագ սերնդի պրոֆեսիոնալ մասնագետների ներուժի օգտագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման, անկանխիկ գործարքների խրախուսման և այլնի մասին։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում շուրջ մեկ տարի գործող անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագիրը։
Փոխվարչապետ Մարիան Յուրեցկան հետաքրքրվել է ծրագրի մանրամասներով և պատրաստակամություն հայտնել կազմակերպել այց Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ ծրագրին և փոխանակվել փորձառությամբ։
Մարիան Յուրեցկան իր հերթին ներկայացրել է Չեխիայում սոցիալապես խոցելի խմբերի տնտեսական ակտիվացմանն ուղղված և համայնքային սոցիալական ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների տեսակները, մանրամասնել խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցել փորձի փոխանակման, մասնագետների այցերի, փոխըմբռնման հուշագրի ստորագրման ձևաչափով։
Կարծիքներ