Ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել Լոս Անջելեսում Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսությունների ու ՄԹ հյուպատոսի տան մոտ
Լոս Անջելեսում հայերը բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ում Ֆրանսիայի և Չինաստանի գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան մոտ։ Ցուցարարները պահանջում են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար։
Նրանք Ֆրանսիայի և Չինաստանի հյուպատոսությունների շենքերի վրա, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հյուպատոսի տան դիմաց փակցրել են «Քվեարկեք Արցախում ցեղասպանությունը դադարեցնելու օգտին» գրությամբ պաստառներ։
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը հիշեցրել է, որ օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստում քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ «Մենք ակնկալում ենք, որ հիմնական դերակատար պետություններն Արցախի անվտանգության ապահովման հարցին դրական լուծում կտան, կպարտադրեն, որպեսզի Ադրբեջանը բացի միջանցքը։ Արցախում արդեն սովամահության դեպք կա, բնականաբար, այս իրավիճակում չենք կարող հանգիստ նստել»,- ասել է նա։
Մնացականյանը հավելել է, որ բողոքի ակցիան շարունակելու են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ։
Կարծիքներ