Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես. Նիկոլ Փաշինյան
«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները»:
Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան The Telegraph-ի լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն ավելի վաղ ասել է՝ Հայաստանն այլևս չի կարող հենվել Ռուսաստանի վրա որպես իր հիմնական ռազմական և պաշտպանական գործընկեր։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կատարել իր պարտականությունները ՀԱՊԿ-ի մասով, սա կարո՞ղ է նշանակել, որ Հայաստանը դիտարկում է ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցություն։
Վարչապետը հայտնեց, որ ասվածը չի նշանակում, թե Հայաստանն անվտանգային ոլորտում պատրաստվում է հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:
«Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները:
ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում:
Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,-նշեց վարչապետը:
Կարծիքներ