Սեուլը նախազգուշացրել է Փհենյանին, որ միջուկային զենքի կիրառման պատասխանը «ճնշող» է լինելու
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ին նախազգուշացրել է «ճնշող» միջուկային պատասխանի մասին, եթե նրանք փորձեն միջուկային զենք կիրառել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Yonhap գործակալությունից:
«Եթե Հյուսիսային Կորեան փորձի միջուկային զենք օգտագործել, ապա կբախվի վճռական և ճնշող պատասխանի, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջուկային հնարավորություններին, Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքի և Կորեայի Հանրապետության զինված ուժերի կողմից», -հայտարարել է Յուն Սոկ Յոլը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ Պենտագոնում կայացած հանդիպման ժամանակ:
Նա Փհենյանին կոչ է արել «որոշում ընդունել ապամիջուկայնացման մասին՝ հանուն Կորեական թերակղզում իրական խաղաղության և փոխադարձ բարգավաճման»։
Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի նախագահը լիակատար վստահություն է հայտնել «Միացյալ Նահանգների կողմից զսպման ընդլայնված պարտավորությունների հաստատուն լինելու առումով»։
«Մեր կառավարությունը վճռականորեն կարձագանքի Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին՝ հիմնվելով Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների անսասան համատեղ պաշտպանական դիրքորոշման վրա», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը կշարունակեն անցկացնել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ընդլայնել անվտանգության ոլորտում համագործակցությունը Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև։
Ըստ Yonhap-ի՝ Պենտագոնի ղեկավարն իր հերթին վստահեցրել է, որ ԱՄՆ-ի զսպման ընդլայնված պարտավորությունները ներառում են ամերիկյան հնարավորությունների ողջ սպեկտրը, ներառյալ՝ սովորական, միջուկային և հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները։
Հարավային Կորեայի նախագահը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Ապրիլի 26-ին նա հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Կարծիքներ