Գերմանիան խստորեն դատապարտել է ընդդիմադիր թուրք լրագրողի վերաբերյալ թուրքական դատարանի վճիռը
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարի վերաբերյալ թուրքական դատարանի որոշմանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am կայքը:
Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ Cumhurriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։
«Լրագրությունն անփոխարինելի է հասարակությանը ծառայելու առումով, նույնիսկ այն ժամանակ, երբ քննադատում է իշխանության ղեկին կանգնած մարդկանց։ Դյունդարի վերաբերյալ որոշումը լուրջ հարված է անկախ լրագրությանը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ Գերմանիայի համար կարևոր նշանակություն ունի մամուլի ազատությունը։
Թուրքական Cumhuriyet թերթի լրագրող Ջան Դյունդարը 2015 թ. նոյեմբերի 26-ին հարցաքննության էր կանչվել Ստամբուլի դատախազություն։ Այդ ժամանակ նրան տեղեկացվել էր կալանավորման մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։
Մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Մինչդեռ Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։
2017 թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց Թուրքիայի վճռաբեկ դատարանը, չեղարկելով Սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։
Հետագայում նույն Վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշման կայացումը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։
Կարծիքներ