Դիլիջանի 2 թունելների նորոգման համար միջազգային մրցույթ է հայտարարվել
ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այդ ծրագրերից մեկը վերաբերվում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին:
«Հիմա փաստաթղթերն ուսումնասիրության փուլում են և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3.5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնել շինարարին»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանում իրականացվող երկու ծրագրերով` Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, և դրանք ավարտական տեսքի բերելու համար 4.1 միլիարդ դրամ է անհրաժեշտ:
«Միջին նորոգման աշխատանքներն անընդհատ ուսումնասիրության փուլում են: Տասը ճանապարհահատվածներ ունենք` 135 կմ երկարությամբ, որոնց նորոգման համար 5.7 միլիարդ դրամ պետք է հատկացնենք»,-ասաց Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Դիլիջանում երկու թունելների վերականգնման աշխատանքների համար միջազգային մրցույթ է հայտարարված: «Ես խնդիր եմ դրել, որ Ստեփանավանի և Դիլիջանի թունելները պատշաճ տեսքի բերվեն և միջազգային ստանդարտներին համապատասխանեցվեն»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ