ՍԴ ներկայիս մոդելը «Իմ քայլը» համապատասխանեցնում է 2015թ. Սահմանադրությանը. Լիլիթ Մակունց
«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և դա անում են օրենքին համապատասխան: Ըստ նրա, ՍԴ-ն մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա:
«Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը: Եվ հիշեցնեմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Եվ քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, Սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:
Կարծիքներ