Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը:
Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել է ներկաներին՝ նշելով, որ մեծ պատիվ է ներկայացնել ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը ֆրանկոֆոնիայի անդամ երկրում, և շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ֆրանկոֆոնիայի բազմաթիվ ծրագրերում Հայաստանի մեծ ներդրման համար: Դեսպանն ընդգծել է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին: Նա հպարտորեն նշել է, որ Հայաստանում գործում է ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: Այս հաստատությունը կունենա կրթական և մշակութային բաղադրիչներ. երեխաների, պատանիների, չափահասների համար կդասավանդվի ֆրանսերեն, հնարավորություն կընձեռվի նաև քննություններ հանձնելու միջազգային վկայագրերի համար: Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կհամագործակցի նաև հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ. այս հարթակում կանցկացվեն բազմաժանր մշակութային ծրագրեր:
Դեսպանի տեղեկացմամբ՝ ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնցից մի մասը կանցկացվի Հայաստանում:
«2023 թվականին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված շուրջ 20 միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, որի շրջանակում իրականացվող միջոցառումներն առավել կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածումը»,- ասել է դեսպանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում:
Նախարարի տեղեկացմամբ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է 320 միլիոն ֆրանսախոսների, հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները։
Ժաննա Անդրեասյանի փաստմամբ՝ Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին:
«Մեծ կարևորություն է տրվում ֆրանկոֆոնիայի օրերին, որոնք տարեցտարի առավել ընդգրկուն են դառնում՝ ներգրավելով ավելի շատ մասնակիցներ: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի Հայաստանի մշակութային և կրթական հաստատություններում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ: Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են այս կարևոր նախաձեռնությունում: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր կրթամշակութային կառույցներում կազմակերպվող միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ 2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման կապակցությամբ մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները: Մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում՝ հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
«Այսօրվա միջոցառումն իրապես խորհրդանշական է և ֆրանկոֆոն երկրների միջև բարեկամության ամրապնդման ապացույց: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի յուրահատուկ հարթակ է, որը մի ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը՝ ի նպաստ ժողովուրդների:
ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Նունե Զաստուխովան անդրադարձել է մեր երկրում ֆրանկոֆոնիայի ծրագրերի իրականացմանը, գրանցած հաջողություններին և շնորհավորել բոլորին «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկի կապակցությամբ:
Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն հանգամանորեն ներկայացրել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը և միջոցառումներին վերաբերող մի շարք մանրամասներ:
Կարծիքներ