Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի համար Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա:
Այս մասին «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հաղորդակցության ուղիների բացման, Ղարաբաղի հայերի վերադարձի, Իրանի կարմիր գծերի և այլ թեմաների շուրջ դեսպանի հետ «Ազատության» հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն».- Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրությունների օրը Դուք ասել էիք, թե անկախ այն հանգամանքից՝ ովքեր կլինեն իշխանության ղեկին Իրանում և Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի փոխվի․ Թեհրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։
Կխնդրեմ փակագծեր բացեք, ի՞նչ է սա նշանակում՝ կոնկրետ քայլերի տեսքով։
Սոբհանի․ - Սա փակագծեր չունի, և ամենի ինչ շատ հստակ է․ մեր մեծարգո նախագահը, պարոն Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, շատ հստակ ասաց, որ հստակ դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք հստակ դեմ ենք աշխարհքաղաքական փոփոխություններին։ Բոլորը պետք է հարգեն միջազգային օրենքները։ Առավել ի՞նչ փակագծեր բացեմ։
«Ազատություն»․ - Առավել հստակեցնեմ, եթե Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսա իրականացնել Հայաստանի դեմ, արդյոք Իրանը կմիջամտի՞, թե՞ ոչ։
Սոբհանի. - Տեսեք, Դուք մի վարկած եք առաջ քաշում և դրա մասին հարց տալիս, նախկինում էլ մի քանի անգամ ինձ այդ հարցը տվել են, և ես ասել եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Մենք առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։ Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Մեր ամենամեծ ջանքն է, որ պատերազմ չլինի տարածաշրջանում։ Միջագզային հանրությունն էլ է ուզում դա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից և իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը։ Այդ ցանկությունը, խաղաղության և սահմանների հստակեցումը ցույց են տաիս, որ կողմերը չեն ուզում գնալ դեպի պատերազմ։ Եվ, ի վերջո, որևէ արադրացում չկա պատերազմի համար։ Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում։ Այն վարկածը, որ դԴուք ներկայացրեցիք, եթե դա տեղի ունենա, բնականաբար, միջազգային հանրությունը բացասկան կվերաբերվի դրան։
«Ազատություն». - Ճի՞շտ հասկացա, որ Դուք ասում եք, որ Ադրբեջանը ռազմական ագրեսիա չի իրականացնի։ Այդ համոզունքը Ձեզ որտեղի՞ց։ Դուք ասում եք, որ դա վարկած է, բայց Հայաստանի ԱԳՆ վերջերս չբացառեց, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ից հետո Բաքուն դիմի ռազմական ագրեսիայի։ Եվ ուզում եմ նշել, որ հենց այս պահին էլ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից տարածքներ և՛ Սյունիքում, և՛ Սոթքում, և՛ Ջերմուկում։
Սոբհանի. - Տեսե՛ք, այստեղ երկու հարց պետք է հաշվի առնել, այդ տեղային բախումները կամ հրադադարի խախտումները և մյուսը, ինչպես Դուք նշեցիք, պատերազմը, դրանք տարբերվում են իրարից։ Այն, որ Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, բնականաբար, բանակցությունների և սահմանների հստակեցման շրջանակներում պետք է կարգավորվի։ Երբ միջազգային սահմաների համաձայն պարզվեց, որ Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում, և այս հատվածը սահմանագծվեց, այդ տարածքները վերադարձվեցին։
«Ազատություն». -Ի՞նչ նկատի ունեք, որ 4 գյուղերի տարածքները տրվեցի՞ն Ադրբեջանին։
Սոբհանի. - Այո՛, և երբ այդ միջազգային գծերը հստակեցվեն, բնականաբար, պարզ կլինի, թե որ մասը որ երկրին է պատկանում։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և օգտագործում ենք այդ լավ հարաբերությունները ու ջանք ենք գործադրում, որ, ինչպես Դուք ասացիք, նոր պատերազմ չլինի։ Դիվանագիտությունը հարցերի լուծման ամենալավ տարբերակն է։ Ինչո՞ւ սպասենք, որ պատերազմ տեղի ունենա, հետո դիվանագիտությունը գործի։ Մենք պատրատս ենք մեր ամբողջ պոտենցիալը օգտագործել, որ հարցերը լուծվեն խաղաղության միջոցով։ Մենք դա ասում ենք որպես մի երկիրը, որը կարող է տուժել անկայունությունից և կարող է շահել կայունությունից։
«Ազատություն». - Կարճ ճշտում, եթե Բաքվի կողմից տեսնենք ռազմական ագրեսիա, Իրանի կողմից կտեսնե՞նք քայլեր։
Սոբհանի. - Սա Հայաստանն է, այն անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանություն, ունի տարածքային ամբողջականություն, և այս երկրում, ուրիշ երկրի ցանկացած գործողոթյուն պետք է լինի տվյալ երկրի համաձայնությամբ։ Այն, թե Իրանը Հայաստանի հետ համագործակցությունն ինչպես առաջ կտանի, կախված է երկու երկրների համագործկացությունից։
«Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո»
«Ազատություն». - Հայաստանին ներկայացվող Բաքվի պահանջներից մեկն էլ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է», Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցում։
Սոբհանի․ - Ադրբեջանի նեկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ մենք կողմնակից ենք, դեմ չենք սահմանային ապաշրջափակմանը։ Դուք հարևան եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միշտ չեք կարող թշնամության մեջ լինել, և մի օր կլուծեք այդ հարցերը նրանց հետ։ Եվ բնական է, որ երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները կբացվեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մենք հիմա Նախիջևանի հետ սահման ունենք, և Ջուլֆայից կարող ենք և՛ երկաթգծով միանալ Երևանին, և՛ ճանապարհով Շատախտիից՝ Երասխին։ Երթուղին շատ կկարճանա։ Այսինքն՝ Մեղրիից Երևան մոտավորապես 6 ժամվա ճանապարհ է, իսկ Շատախտից մինչև Երասխ ու Երևան երևի մեկ ժամից էլ քիչ կլինի։ Այսինքն՝ եթե բացվի ճանապարհը, բոլորը կօգտվեն։ Սա ոչ միայն արևելք- արևմուտք, այլև հյուսիս-հարավին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պետք է ներառի իր մեջ՝ երկրների ազգային ինքիշխանության շրջանակներում։ Ոչ ոք թույլ չի տալիս, որ իր տարածքում իր օրենքները չպահահպանվեն, դա միջազգային իրավունքի դեմ է և չպետք է այստեղ որևէ դիվիդենտ ստեղծվի։ Եվ օգուտն էլ պետք է վերաբերի բոլորին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի գործում»
«Ազատություն». - Այն, որ Դուք նշում եք, որ պետք է հարգվի ինքնիշխանությունը, այդ մասին նաև Հայաստանն է խոսում, առաջարկելով «Խաղաղության խաչմերուկը»։ Բայց Ռուսաստանը պնդում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք այդ հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի։
Սոբհանի. - Ես արդեն ասացի մեր դիրքորոշումը՝ մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։
«Ազատություն». - Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։
Սոբհանի. - Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն։
«Մեր կարմիր գիծը Հայաստանի հետ մեր սահմանի խզումն է»
«Ազատություն». - Պարոն դեսպան, նշեցիք, որ կողմ եք, որ այդ ճանապարհները ապաշրջափակվեն, կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սյունիքով դուրս գա Նախիջևան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահվում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որևէ խնդիր ձեր շահերի հետ կապված չեք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է։
Սոբհանի. - Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լիելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի։ Այսինքն՝ այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգեն Հայաստանի օրենքները։ Դուք շատ եք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան եք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում եք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասությամբ։ Նայեք, եթե մի երկիր ուրիշ երկրից դիվիդենտ է ուզում, արդյո՞ք պատրաստ է ինքն էլ դիվիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմյանց հետ խոսում են, որ դյուրացնեն իրենց հարաբերությունները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքիշխանությունը խախտվի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մեջ, և դա լինի իրենցը։ Եթե Հայաստանն ուզենար, որ նման բան պատահեր, նման գին չէր վճարի։
Կարծիքներ