Վտանգավոր հայտարարություններ են. Պենտագոնի ղեկավարը` Լավրովին

Վտանգավոր հայտարարություններ են. Պենտագոնի ղեկավարը` Լավրովին

ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ հավատում դրան», - ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել միջուկայինի:

«Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է նա:

Օսթինը նաև վտանգավոր է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։

«Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում: Դժվար է ասել, թե ինչ է եղել Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»,-  Պենտագոնի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Նա հիշեցրել էր, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա չէի ցանկանա, որ երբ... ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում