Ամուլսարի հանքավայրի աշխատանքը կվերսկսվի․ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ դրա նվազումն էլ նպատակներից մեկը չէ։
«Հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով։ Խոսքը Թեղուտի հանքավայրի մասին է, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները հայտնվել են սանկցիաների տակ։ Դրա պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել տնտեսական գործունեություն իրականացնել»,- ասաց նա։
Իր խոսքում նախարարը հայտնեց նաև, որ Ամուլսարի հանքավայրի աշխատանքը կվերսկսվի։
«Հենց այսօր կստորագրենք խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր՝ ժամը 17:00-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան»,- ասաց Քերոբյանը։
Կարծիքներ