Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանն այցելել է Կապան
Հունիսի 19-20-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանին և Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սամուել Ասեֆային։
Ողջունելով հյուրերի այցը Կապան՝ համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է Էլեն Ասատրյանին՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և նրան հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Գևորգ Փարսյանը կարևորել է երկկողմ պատրաստակամությունը երկար տարիների պատմություն ունեցող համագործակցությունը ամուր հիմքերի վրա դնելու և զարգացնելու ուղղությամբ ներդրված անկեղծ ջանքերը։
Հաշվի առնելով, որ Գլենդելը զարգացած քաղաք է, իսկ Կապանը՝ զարգացող, համայնքի ղեկավարը իր խոսքում հատկապես ընդգծել է լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև Գլենդելի հնարավորությունները օգտագործելու կարևորությունը։
էլեն Ասատրյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Գևորգ Փարսյանին մանրամասն ներկայացրել Գլենդելում կայացած վերջին հանդիպումից հետո միջհամայնքային համագործակցության վերակազմակերպմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ապա խոսել առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ:
Զրույցի ժամանակ Ասատրյանը հայտնել է, որ սեպտեմբեր ամսին մտադիր է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի և անհրաժեշտ մասնագետներից կազմված պատվիրակության հետ միասին ու արդեն իսկ տեղում կարիքները հասկանալով՝ համատեղ արդյունավետ աշխատանք իրականցնել:
Հանդիպման ավարտից հետո, Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, հյուրերը շրջել են քաղաքում, եղել զբոսայգիներում և պատմամշակութային վայերում՝ ընդհանուր պատկերացում կազմելու քաղաքային ենթակառուցվածքների զարգացման շուրջ հնարավոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ։
Կարծիքներ