Եվրամիությունը կոչ է արել բարեփոխել ԱՀԿ-ն

Եվրամիությունը կոչ է արել բարեփոխել ԱՀԿ-ն

Առողջապահության ոլորտում համաշխարհային խնդիրների լուծման հարցում Եվրամիությունը ճանաչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առանցքային դերը, բայց անհրաժեշտ է համարում այդ կազմակերպության ամրապնդմանն ու բարեփոխմանն ուղղված լրացուցիչ քայլեր, ասված է ԵՄ-ի՝ այսօր հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ թեև ԵՄ-ն ճանաչում է ԱՀԿ-ի առանցքային դերը, «սակայն, միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ ԱՀԿ-ից ակնկալիքները շատ հաճախ գերազանցել են նրա հնարավորություններն ու ամուր և կայուն առողջապահական համակարգերի զարգացման գործում կազմակերպության անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու ունակությունը»։

Եզրակացություններում նաև ընդգծվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դեր խաղալ կազմակերպության ամրապնդման և բարեփոխման գործընթացում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի սկզբին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է դադարեցնել ԱՀԿ-ին անդամակցությունը, քանի որ կազմակերպությունը հրաժարվել է իրականացնել պահանջվող բարեփոխումները: Թրամփը նաև ԱՀԿ -ին մեղադրել է ի շահ Չինաստանի կորոնավիրուսի համաճարակի մասշտաբները թաքցնելու համար: Պետդեպարտամենտում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ն լքելու է 2021 թվականի հուլիսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում