Երկարատև հիվանդությունները վտանգի տակ են դրել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը

Երկարատև հիվանդությունները վտանգի տակ են դրել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը բարձր գնաճի և Brexit-ի հետևանքով առևտրի ոլորտում արձանագրված անկման հետ միասին դժվարությունների է բախվել, քանի որ ռեկորդային թվով մարդիկ չեն կարող աշխատել երկարատև հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNBC լրատվամիջոցին։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ 2022 թ.-ի հունիս-օգոստոս ամիսներին շուրջ 2,5 միլիոն մարդ երկարատև հիվանդությունը նշել է որպես իրենց տնտեսական անգործունության հիմնական պատճառ, ինչը մոտավորապես կես միլիոնով ավելի Է, քան 2019 թվականին:

16-ից մինչև 64 տարեկան «տնտեսապես ոչ ակտիվ» (չաշխատող և աշխատանք չփնտրող) մարդկանց թիվը երկրում 2019 թվականից ի վեր աճել է ավելի քան 630 հազարով։ Ի տարբերություն խոշոր տնտեսություն ունեցող այլ երկրների՝ Միացյալ Թագավորության վերջին տվյալները չեն վկայում այն մասին, որ այս մարդիկ կվերադառնան աշխատաշուկա, նույնիսկ չնայած այն բանին, որ գնաճը և էներգակիրների գների աճը հսկայական ճնշում են գործադրում տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի վրա:

Հոդվածում նշվում է, որ ձեռնարկությունների սուբսիդավորման պետական ծրագրի շնորհիվ Մեծ Բրիտանիան խուսափել Է համավարակի ժամանակ աշխատակիցների զանգվածային կրճատումներից: Սակայն այն բանից հետո, երբ սահմանափակումները չեղարկվեցին, Մեծ Բրիտանիան աշխատաշուկայում  լուրջ կորուստներ է կրել զարգացած տնտեսությամբ այլ երկրների համեմատությամբ։ Դա կարող է պայմանավորված լինել այնպիսի գործոններով, ինչպիսիք են բուժման սպասող ռեկորդային թվով մարդիկ, բնակչության ծերացումը և երկարատև քովիդի հետևանքները:

Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ սեպտեմբերի դրությամբ ավելի քան 7 միլիոն հիվանդ սպասում էր ստացիոնար բուժման: Լոնդոնի Թագավորական քոլեջի տնտեսագիտության և պետական քաղաքականության պրոֆեսոր Ջոնաթան Փորթեսը նշում է, որ երկար ժամանակ բուժման սպասելը կարող է նաև ուղղակի բացասական ազդեցություն ունենալ. մարդիկ կարող են ստիպված լինել թողնել իրենց աշխատանքը հիվանդ հարազատներին խնամելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում