Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:
Նրան ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի ղեկավարի օդանավը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Աստանայի Նուրսուլթան Նզարբաևի անվան միջազգային օդանավակայանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Ղազախստանի նախագահի նստավայրում՝ «Ակորդա» պալատում:
Նախ տեղի կունենա Փաշինյան-Տոկաև առանձնազրույց, ապա երկու երկրի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:
Նիկոլ Փաշինյանի՝ Աստանա պաշտոնական այցի ժամանալ տեղի կունենա նաև փաստաթղթերի փոխանակում:
ԶԼՄ ներկայացուցիչների համար Փաշինյանն ու Տոկաևը հանդես կգան հայտարարությամբ:
Վաղը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ:
Հայաստանի ղեկավարի պաշտոնական այցի օրակարգում նախատեսված է հանդիպում նաև Ղազախստանի խորհրդարանում՝ Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Նիկոլ Փաշինյանը Աստանայում կայցելի նաև Ղազախստանի ազգային թանգարան և «Աստանա էքսպո» արհեստական բանականության միջազգային կենտրոն:


Կարծիքներ