Բիլ Գեյթսը հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միջոցով մարդկանց չիպավորելու վերաբերյալ լուրերը՝ ընդգծելով, որ մարդիկ պաշտպանված կլինեն մի քանի չափաբաժին ստանալու դեպքում
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր, բարերար Բիլ Գեյթսը CBS News հեռուստաալիքի եթերում խոսել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութից՝ ընդգծելով, որ մարդկանց, հավանաբար, անհրաժեշտ կլինի պատվաստանյութի մի քանի՝ միգուցե երկու չափաբաժին ստանալ, որպեսզի վարակի դեմ իմունիտետ ձևավորվի:
«Այս պահին եղած պատվաստանյութերից որևէ մեկը դժվար թե արդյունք տա մեկ չափաբաժնի դեպքում: Այդ հույսը կար սկզբում»,-ասել է միլիարդատերը, որը համավարակի սկզբից ի վեր 300 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին:
Միլիարդատերը նշել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հարկավոր է աշխարհի բնակչության 70-80%-ին պատվաստել, ինչն ահռելի թիվ է:
Բացի այդ, Գեյթսն անդրադարձել է պատվաստանյութերի հարցով իր անվան հետ կապված դավադրության տեսություններին՝ հերքելով մեղադրանքներն առ այն, որ ինքը ցանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն օգտագործել մարդկանց չիպավորելու նպատակով:
Գործարարը մեկնաբանել է Yahoo News/YouGov-ի համատեղ անցկացված սոցհարցման արդյունքները, ըստ որոնց՝ չափահաս ամերիկացիների 28%-ը հավատացած է, որ Գեյթսը պատվաստանյութի միջոցով ցանկանում է միկրոչիպեր տեղադրել միլիարդավոր մարդկանց օրգանիզմներում, որպեսզի հնարավոր լինի հետևել նրանց տեղաշարժին:
«Մենք պետք է հասնենք ճշմարտությանը, և լիահույս եմ, որ այդ ամենը կվերանա փաստերի ի հայտ գալուն պես: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ մարդիկ չեն մահանա պատվաստանյութ չլինելու պատճառով: Պատվաստանյութը մեզ օգուտ կբերի, և աշխարհը պետք է որ դրանից շահի»,-ասել է Գեյթսը:
Կարծիքներ