Դպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ
Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը՝ առավոտյան մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, մարզական միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Ժամանակավորապես դադարեցվում են երկարաօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը: Դպրոցի տարածքում այլ կազմակերպությունների կողմից լրացուցիչ կրթական գործունեության ծավալումը կարող է կազմակերպվել միայն այն դեպքում, եթե դա չի խոչընդոտում ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Դպրոցի տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունները պարտադիր կերպով իրականացնում են օգտագործվող տարածքի ախտահանում գործունեության ավարտից հետո՝ մինչև հաջորդ օրվա ուսումնական գործընթացի սկզիբը։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում երկարօրյա ծառայությունների և արտաուսումնական խմբակների դեպքում կարող են գործել այլ կարգավորումներ՝ պահպանելով հակահամաճարակային սահմանված ընդհանուր կանոնները։
Դպրոցում ժողովների և հավաքների գործընթացը պետք է կազմակերպվի հնարավորինս հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ համապատասխան հարմարեցմամբ՝ ապահովելով սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային այլ կանոնների պահպանումը։
Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով:
Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։
6-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում սահմանվելու է դասերի համապատասխան թիվը օրվա ընթացքում և դպրոցում գտնվելու տևողությունն ըստ դասարանների։
1-ին դասարանցիները շաբաթական ունենալու են 20 դաս։ Շաբաթվա մեջ 4 օր նրանք 3 դաս կունենան, իսկ 2 օր՝ 4 դաս։ 5-րդ դասարանցիների դասերը կլինեն շաբաթական 29-ը, շաբաթվա մեջ 1 օր՝ 4 դաս, 5 օր՝ 4 դաս։ 10-րդ դասարանցիների շաբաթական դասերի թիվը կազմելու է 34, շաբաթվա մեջ՝ 2 օրը՝ 5 հաս, 4 օրը՝ 6 դաս։
Կարծիքներ