ՀՀ վարչապետի և Լիտվայի նախագահի տիկիններն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

ՀՀ վարչապետի և Լիտվայի նախագահի տիկիններն այցելել են արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Ինչպես հայտնել են Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։ Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը», - իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը հիշել է, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով  նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն է հայտնել Դիանա Նաուսեդիենեին՝ մարդասիրական քայլի համար։  

«Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։ Նա համոզմունք հայտնեց, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը, կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Նշվում է, որ այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը ուղեկցությամբ այցելել է  Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ հանդիպել է բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջական վւճակով։ Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին փոխանցել է պաշտոնական հրավեր, որպեսզի Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցելեն Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աղբյուրիտեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվեցին ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։ Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում