ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը Գերմանիայի գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեուալ Ադեյեմոն Բեռլինում գերմանացի պաշտոնյաների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման և Ուկրաինային հետագա օգնության հետ կապված հարցեր։ Այս մասին հաղորդվում է շաբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություններին մասնակցել են Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտը, տնտեսական հարցերով կանցլերի օգնական Յորգ Կուկիսը, Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Ուդո Ֆիլիպը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադեյեմոն բանակցությունների ընթացքում նշել է ԵՄ երկրների պայմանավորվածությունները՝ Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։
Բացի այդ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալը գերմանացի պաշտոնյաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է «մատակարարման շղթաների ամրապնդումը», ինչպես նաև երկու երկրների էներգետիկ և ներդրումային ոլորտներում անվտանգությունը։
Կարծիքներ