Գիտական կենտրոնները սարքավորումներով վերազինելու համար պետությունն ավելի շատ գումար է ներդնելու
2023 թվականին պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար․ գումարի չափը կազմել է 4.2 մլրդ դրամ: 2024 թվականին սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է ավելի շատ գումար ներդնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն՝ ամփոփելով 2023 թվականին կատարված աշխատանքները:
«Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել: 2023 թվականին առաջին անգամ ենթակառուցվածքների համալրման ծրագիրը իրականցվել է որպես կապիտալ բնույթի ծախսային ծրագիր: Այսինքն՝ պետությունն է հանդես գալիս որպես սարքավորումները ձեռք բերող ու հետո բաշխող: Այս տարի դրան հատկացված էր 4.2 միլիարդ դրամ բյուջե»,- ասաց Հայոցյանը՝ հավելելով, որ 2013-2022 թթ այս նպատակով ծախսվել էր 5.9 միլիարդ դրամ:
Նա տեղեկացրեց՝ 7.1 մլրդ դրամի գիտական սարքավորումների գնման երաշխավորված հայտեր կան: 2024 թվականին գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով պետությունն ավելի շատ գումար է ներդնելու:
Կարծիքներ