Սաուդյան Արաբիայի բնակչուհին մահապատժի է դատապարտվել Բանգլադեշից սպասուհուն սպանելու համար

Սաուդյան Արաբիայի բնակչուհին մահապատժի է դատապարտվել Բանգլադեշից սպասուհուն սպանելու համար

Սաուդյան Արաբիայի բնակչուհին մեղավոր է ճանաչվել բանգլադեշցի իր սպասուհու սպանության մեջ: Բանգլադեշի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դատարանը Այեշա Ալ Ջիզանիին մահապատժի է դատապարտել 2019-ի մարտին Աբիրոն Բեգումի սպանության համար՝ երկու տարի անց այն բանից հետո, երբ Բեգումը մեկնել է Պարսից ծոցի երկիր ավելի բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու համար, գրում է Thomson Reuters Foundation-ը:

Բեգումի հարազատները Բանգլադեշի կառավարությանը կոչ են արել միջոցներ ձեռնարկել այն բրոքերների դեմ, ովքեր «խաբելով» 40-ամյա Բեգումին ստիպել են աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում: «Նրանք սկսել էին խոշտանգել նրան մեկնելուց երկու շաբաթ անց: Նա զանգահարեց մեզ եւ լաց եղավ... մենք աղաչում էինք բրոքերներին վերադարձնել նրան, բայց ոչ ոք մեզ չէր լսում»:

Ջիզանիի ամուսինը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ չի օգնել Բեգումին բժշկական օգնություն ստանալ եւ ապօրինաբար ստիպել է նրան տնից դուրս աշխատել: Նրա որդուն յոթ ամսով ուղարկել են անչափահասների գաղութ:

Բանգլադեշը աշխատուժի աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկն է: Համավարակից առաջ ամեն տարի շուրջ 700 000 բանգլադեշցիներ էին մեկնում արտերկիր՝ աշխատանք փնտրելու համար, ընդ որում՝ հիմնական ուղղությունը Սաուդյան Արաբիան էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում