«Լրագրողներ առանց սահմանների»-ն հորդորում է Բայդենին պաշտպանել աֆղանցի լրագրողներին
Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով մշակել աֆղանցի լրագրողների տարհանման հատուկ ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լրագրողներից բացի պետք է տարհանել նաև իրավապաշտպաններին:
«Մենք տասնյակ խնդրանքներ ենք ստանում հրատապ տարհանման վերաբերյալ: Մեզ համար խնդիր է ոչ թե լրագրողների համար վիզաներ ստանալը կամ նրանց համար ինքնաթիռում տեղ գտնելը, այլ նրանց հասանելիությունն այդ ինքնաթիռներին»,- նշել է կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունում կարծում են, որ հարկավոր է մշակել հատուկ ձևեր, որպեսզի լրագրողներն ու իրավապաշտպանները կարողանան հասանելիություն ունենան ինքնաթիռներին: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել «հումանիտար միջանցք և գոտիներ, որտեղ նրանք անվտանգ կլինեն»:
Միջազգային կազմակերպությունը խնդրել է Բայդենից նման քայլերի ձեռնարկման նպատակով Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գտնվելու ժամկետները երկարաձգել: «Նախանշված ժամկետում՝ մինչև օգոստոսի 31-ը, հնարավոր չէ ավարտել սպառնալիքի տակ գտնվող անձանց, մասնավորապես աֆղանցի լրագրողների տարհանումը: Իրադարձությունների հետագա ընթացքից է կախված ԱՄՆ կերպարը՝ որպես մամուլի և մարդու իրավունքների պաշտպան»,- հայտարարել է Քրիստոֆ Դելուարը:
Կարծիքներ