Ոստիկանությունը հայտնում է «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների բացահայտման մասին

Արարատի մարզի դատախազությունից փետրվարի 8-ին ոստիկանության Արարատի բաժնի ստացած գրության հիման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Խոսրովի արգելոցում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ արգելոցի և Փոքր Վեդի գյուղի երկու բնակչի միջև կնքվել են աշխատանքների կատարման պայմանագրեր, որոնց համաձայն՝ այդ անձինք պետք է կատարեին պայմանագրով նախատեսված աշխատանքները և վարձատրվեին յուրաքանչյուրը մի քանի հարյուր հազար դրամով։ Սակայն, փաստացի այդ աշխատանքները չեն կատարվել Փոքր Վեդի գյուղի բնակիչների կողմից, այլ կատարվել են «Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Ոստիկանությունից, հայտնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում փետրվարի 18-ին քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։