Մարզերում անցկացվում են «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» փուլային լսումները
Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի» առաջին փուլի լսումները:
Փառատոնն անցկացվում է «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Փառատոնի մրցութային փուլի համակարգողն է «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:
Փառատոնի մրցութային առաջին փուլի լսումներն անցկացվել են դեկտեմբերի 7-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում, որտեղ հանդես են եկել Կոտայքի, Վայոց ձորի և Երևանի մասնակիցները։
Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում անցկացվել են Շիրակի և Լոռու մարզերի մասնակիցների առաջին փուլի լսումները։
Դեկտեմբերի 15-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կանցկացվեն Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Երևանի մասնակիցների առաջին փուլի լսումները։
Դեկտեմբերի 21-ին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի կունենան երկրորդ փուլն անցած մասնակիցների լսումները, որի ընթացքում էլ հայտնի կդառնան փառատոնի լավագույն մասնակիցներն ու հատուկ մրցանակակիրները։
Կարծիքներ