Ադրբեջանական ուժերը մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից. ՊՆ
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի փոփոխվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմն ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:
«Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:
Այսօր առավոտից համացանցում և տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլև, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:
Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ