Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի Կյանքի պուրակի շինարարությունը

Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի Կյանքի պուրակի շինարարությունը

Քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է մայրաքաղաքում իրականացվող և նախատեսված մի շարք նախագծերի մասին:

Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի Կյանքի պուրակի շինարարությունը: Հուշապուրակը նվիրված է Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին: Այս պահին նախապատրաստվում է մրցութային հայտ: 

***

Այս օրերին տեղացած ձյան ընթացքում ու տեղումները դադարելուց հետո ձնամաքրող տեխնիկան աղով ու ավազով մշակել է մայրաքաղաքի փողոցները։ Նշվել է, որ գործընթացն իրականացվել է նաև գիշերային ժամերին, ի մի է բերվել ողջ հատուկ տեխնիկան, աշխատանքներում ներգրավվել են պատասխանատու բոլոր կառույցները, այդ թվում` համայնքին աջակցել է պարեկային ծառայությունը: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել, որպեսզի համատիրություններն էլ բակային տարածքներում մաքրեն ձյունը:

***

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:

 

***

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ Հրազդան գետի վրա ըստ անհրաժեշտության կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակներ:

***

Այս տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի: Ներկայում տարածքն անբարեկարգ է:

***

Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակվի հետիոտնային կանչով աշխատող լուսացույցներ տեղադրելու գործընթացը: Բացի այդ, Դավթաշեն, Նուբարաշեն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում այս տարի կտեղադրվեն նոր լուսացույցներ: Ծրագիրը մրցութային փուլում է:

***

2022 թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սկսեցին արդիականացվել երևանյան կանգառասրահները: Խնդրին համալիր լուծում տալու համար աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով: Գործընթացը մեկնարկեց Աջափնյակից: Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել նոր կանգառասրահներում տեղադրված նստարանների որակի առնչությամբ և հանձնարարել մրցույթում հաղթած ընկերությանը հորդորել, որ ապահովեն հետերաշխիքային սպասարկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում