Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ծաղկազարդի տոնը
Ապրիլի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։
Մայր Աոռից հայտնում են, որ այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին և ուխավորներին:
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Արտակ Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Մեծ Պահքի կիրակիների խորհրդին՝ ի մասնավորի ընդգծելով, որ Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ ընկած ժամանակահատվածը հրաշալի հնարավորություն է ներհայեցողաբար քննելու մեր սրտերը և հավատքի մեջ առավել զորացած սկսելու Ավագ Շաբաթը։
Այնուհետև անդրադառնալով օրվա խորհուրդին՝ պատարագիչ Սրբազանը նշեց. «Ծաղկազարդին Երուսաղեմի ժողովուրդը քաղաքական առումով բաժանված էր մի քանի խմբերի, սակայն Մեսիայի գաղափարը Երուսաղեմի բնակիչների անհատական և համընդհանուր շահերը զետեղել էր մեկ տեղում։ Փարիսեցիներն ու սադուկեցիները, մաքսավորներն ու զելոտները մի կողմ էին դրել քաղաքական և վարդապետական տարաձայնությունները և եկել էին գտնելու իրենց թե՛ անհատական և թե՛ միասնական փրկությունը»։
Վերջում Արտակ Սրբազանը ներկա հավատացյալներին հորդորեց՝ չնմանվել Երուսաղեմի այն օրերի մարդկանց, ովքեր իրենց հագուստները և ճյուղերը տարածեցին Տիրոջ առաջ, սակայն օրեր հետո խաչեցին, այլ պատասխանատվությամբ վերցնենք մեր խաչը և ինքնաքննությամբ անցենք Գողգոթայի ճանապարհը:
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ, վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։
Նույնն օրը տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ու իր հայրապետական օրհնությունը բաշխեց հայաստանյան տարբեր թեմերի եկեղեցիներում սպասավորող դպիր մանուկներին և երգչախմբերի պատանի երգչուհիներին:
Կարծիքներ