Ակնալիճն է. Գեղամա լեռների թագուհին

Ակնալիճն է. Գեղամա լեռների թագուհին

Ակնալիճն է. Գեղամա լեռների թագուհին

Սիրելի’ արշավականներ, բնապահպաններ,

Քանի որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր դարձել լճի կարգավիճակն ու որոշ շրջանակների տնտեսական գործունեության իրավաչափությունն այդ տարածքում, պարտքս համարեցի անձամբ այցելելու եւ ծանոթանալու իրավիճակին տեղում, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, տեղում հանդիպելու այդ քննարկումների առիթ դարձած՝ Գեղարքունիքի մարզից որոշ քաղաքացիների, ում անվան հետ են կապում լճի հնարավոր «տնօրինումը»:

Ինձ հետ էր նաեւ «Կոտայք» Ջրօգտագործողների Ընկերության գործադիր տնօրենը։

Նշեմ, որ թեեւ այս խառնարանային լիճն աշխարհագրորեն գտնվում է Կոտայք եւ Գեղարքունիք մարզերի սահմանագծին, սակայն ռելիեֆով պայմանավորված՝ լճի ջրային ռեսուրսները տնօրինվում են «Կոտայք» ՋՕԸ կողմից, ում իրավասության տակ է լճի ջրային պաշարների կառավարումը՝ թե’ ոռոգման, եւ թե’ տարբեր մարզերից սեզոնային անասնապահությամբ զբաղվող ֆերմերների արոտների ջրարբիացման նպատակներով։ Բնականաբար՝ մեր համատեղ ջանքն ուղղված է նաեւ այդ ոլորտներում եւս ջրի օգտագործման վճարումների կանոնակարգմանն ու ստվերից դուրս բերմանը, ինչը կարծես՝ շատ դժվարությամբ, բայց ստացվում է։

Հարգելինե’րս,

Ցանկանում եմ սույնով մեկընդմիշտ արձանագրենք, որ Գեղամա լեռների այս չքնաղ հովիտը բացառապես ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է, եւ որեւէ մեկն այն ինքնակամ տնօրինելու, կոմերցիոն նպատակներով շահագործելու կամ շահույթ հետապնդելու նպատակով՝ ենթավարձակալության հանձնելու որեւէ իրավական ՀԻՄՔ ՉՈՒՆԻ (համենայն դեպս՝ տվյալ քաղաքացին եւ իր ներկայացուցիչները որեւէ նման փաստաթուղթ չկարողացան ներկայացնել՝ վկայակոչելով ինչ-որ վարձակալության անհասկանալի մի պայմանագիր, որն ըստ իրենց, տրամադրվել է դեռեւս հեռավոր 1988թ.՝ ինչն իհարկե չէր կարող հանդիսանալ իրավաչափ հիմք)։

Իսկ տվյալ անձը, ով իր ընտանիքի անձնական նախաձեռնությամբ՝ շուրջ մի քանի տասնամյակ լիճ է բաց թողնում որոշակի ձկնաքանակ՝ բնական միջավայրում բազմանալու եւ որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով, իմ ընկալմամբ, դա անում է՝ առանց պատկան մարմինների եւ համապատասխան գերատեսչությունների պաշտոնական թույլտվության, ինչի մասին վերջինիս մանրամասն պարզաբանումներ ներկայացրեցի տեղում (սոցկայքերի վերջին հրապարակումների հիմամբ եւ այս փաստերով նաեւ Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում, եւ այդ տարածքում օրեր առաջ տեղազննություն են արել նաեւ հետաքննիչները):

Ըստ այդմ, ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում շահագրգիռ բոլոր շրջանակներին՝ մեր արշավականներին, բնապահպաններին, եւ պարզապես, մեր մարզի հյուրերին.

Այցելե’ք Ակնալիճ, բանակեք ափերին, վայելե’ք բնության այդ հրաշագեղ կոթողը՝ առանց որեւէ մեկին վճարելու, առանց տրվելու՝ որեւէ մեկի կողմից «սեփական կանոնները» տեղում թելադրելու կամ Ձեր քաղաքացիական իրավունքները սահմանափակելու ապօրինի պահանջներին. այդ մասին վերջիններս խստագույնս զգուշացվել են։

Հարկ եղած դեպքում՝ նման փորձերի ականատես լինելիս, խնդրում եւ հորդորում եմ՝ անմիջապես ահազանգել Ոստիկանություն կամ կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի թեժ գծերով։

Դե իսկ տեղանքը մաքրամաքուր պահելու, տարածքին խնամքով վերաբերվելու եւ #Կրիր_դիմակ պահանջին խստագույնս հետեւելու մասին չե’նք մոռանում... 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում