Չինական Չենդու քաղաքում պաշտոնապես փակվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)

Չինական Չենդու քաղաքում պաշտոնապես փակվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը (տեսանյութ)

Չինաստանի Չենդու քաղաքում հուլիսի 27-ին՝ տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 06:00), չինական կողմի պահանջով պաշտոնապես փակվել է ԱՄՆ-ի հյուպատոսությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ հյուպատոսության փակվելուց հետո Չինաստանի իրավասու մարմինների ներկայացուցիչները գլխավոր դարպասից մուտք են գործել հաստատության տարածք և այն վերցրել իրենց պատասխանատվության տակ:

Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը բացվել էր 1985 թվականին և պատասխանատու էր երկրի հարավ-արևմուտքի, այդ թվում` Սիչուան, Յուննան, Գույչժոու նահանգների, կենտրոնական իշխանությանը ենթարկվող Չունցին քաղաքի և Տիբեթի ինքնավար շրջանի համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չինաստանը պահանջել է փակել երկրի Սիչուան նահանգի Չենդու քաղաքում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը` ի պատասխան Վաշինգտոնի նմանատիպ գործողությունների: Հուլիսի 22-ին ԱՄՆ-ն փակել է Հյուսթոնում գտնվող Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը ՝ վկայակոչելով ամերիկացիների մտավոր սեփականությունն ու անձնական տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Պեկինը քայլը բնութագրել էր որպես քաղաքական սադրանք և խոստացել էր «պատասխան վճռական քայլեր ձեռնարկել»:

 

  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում