Նյու Դելին երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է համարվել

Նյու Դելին երրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է համարվել

Նյու Դելին երրորդ տարին անընդմեջ 2020թ. աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է համարվել, հայտնում է Reuters-ը:

Ըստ շվեյցարական IQAir խմբի, որը, հիմնվելով PM2,5 անվամբ հայտնի օդային վնասակար մասնիկների խտության վրա, չափում է օդի որակի մակարդակը, Հնդկաստանում են գտնվում աշխարհի 50 ամենաաղտոտված քաղաքներից 35-ը:

Եզրակացությունները հիմնված են PM2,5 կոշտ մասնիկների տարեկան միջին մակարդակի վրա: PM2,5-ի երկարատեւ ազդեցությունը կարող է հանգեցնել մահացու հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի եւ սրտի հետ կապված խնդիրների:

2020-ին Նյու Դելիի մեկ խորանարդ մետր օդում PM2,5-ի միջին տարեկան կոնցենտրացիան 84,1 է կազմել, ասվում է ուսումնասիրության մեջ, ինչը երկու անգամ գերազանցում է Պեկինի մակարդակը, որի տարեկան միջինը 37,5 է, ինչը նրան դարձնում է 14-րդ ամենաաղտոտված քաղաքը աշխարհում։

Ըստ Greenpeace Southeast Asia Analysis-ի եւ IQAir-ի վերջերս անցկացրած ուսումնասիրության, օդի աղտոտումը 2020թ. Նյու Դելիում 54 000 վաղաժամ մահվան պատճառ է դարձել:

Չնայած անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով համազգային սահմանափակումների հետեւանքով PM2,5-ի միջին տարեկան մակարդակը նվազել է 11%-ով, Հնդկաստանը դարձել է աշխարհի երրորդ աղտոտված երկիրը՝ Բանգլադեշից եւ Պակիստանից հետո:

«Հնդկաստանում օդի աղտոտվածությունը նախկինի պես վտանգավոր բարձր է»,- ասվում է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում