Բրիտանիան կընդլայնի իր ռազմական ներկայությունը աշխարհի տարբեր մասերում
Մեծ Բրիտանիան իր զինված ուժերը շատ ավելի հաճախ կուղարկի արտերկիր և ավելի երկար ժամանակով, պաշտպանության բյուջեն կավելանա: Այս մասին ասված է առաջիկա 30 տարվա պաշտպանության և արտաքին քաղաքականության ռազմավարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք մեր ռազմական ուժերը կօգտագործենք պետությունների կողմից սպառնալիքները զսպելու համար` արտերկրում մշտական ներկայության միջոցով: Բրիտանիան կավելացնի արտերկրում իր ուժերի տեղակայումը և դա կանի ավելի երկար ժամանակով և շատ ավելի հաճախ, որպեսզի մասնակցի դաշնակիցների հետ համատեղ գործողություններին և վարժանքներին»,- ասված է փաստաթղթում:
Ռազմավարությունը նախատեսում է շարունակել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցել դաշինքի գործողություններին:
Ռազմավարությունը նշում է պաշտպանության բյուջեի զգալի՝ սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ աճը: Հաջորդ 4 տարիների ընթացքում կառավարությունը կտրամադրի լրացուցիչ 16,5 միլիարդ ֆունտ ստերլինգ պաշտպանության և սպառազինության համար՝ ի հավելումն արդեն պլանավորված հատկացումների և գնաճի հետ կապված ճշգրտումների: Կառավարությունը ավելի վաղ հայտարարել էր պաշտպանության ծախսերի ավելացման մասին, ռազմավարությունը միայն ամրապնդել է այդ պարտավորությունները:
Կարծիքներ