ԱԱ 2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիայի թիմին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԱԱ 2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիայի թիմին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ խաղում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ավստրալիայի հավաքականները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ար-Ռայան քաղաքի «Ահմադ Բին Ալի» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային 15 րոպեներին Արգենտինան ակնհայտ առաջին համարով էր գործում՝ տիրելով նախաձեռնությանը: Ավստրալիայի հավաքականը հիմնականում պաշտպանվում էր՝ երբեմն արագ հակագրոհելով: Բայց արգենտինացիներն իրենց պահը իրացրեցին 35-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսին: Այս գոլով Մեսին առաջ անցավ Մարադոնայից աշխարհի առաջնություններում խփած գնդակների քանակով՝ աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցնելով 9-ի:

Ավստրալիան բաց թողած գնդակից հետո առավել կենտրոնացած էր գրոհների և պրեսսինգի վրա: Ի վերջո թիմերը ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին, Արգենտինան օգտվեց Ավստրալիայի հավաքականի դարպասապահի կոպիտ սխալից և կրկնապատկեց իր առավելությունը։ Դիպուկ հարվածով աչքի ընկավ Խուլիան  Ալվարեսը:

Խաղի 77-րդ րոպեին Ավստրալիայի հավաքականի գրոհներից մեկի ժամանակ Գուդվինը հեռահար հարված կատարեց, և գնդակը, դիպչելով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին, շեղեց ուղղությունը և հայտնվեց դարպասում: Արգենտինա-Ավստրալիա՝ 2:1: Ավստրալիայի հավաքականը խաղավերջում կարող էր խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխել, սակայն փայլուն սեյվով իր թիմին փրկեց Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Նիդերլանդների հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում