Անցյալ տարի արձանագրված ՃՏՊ-ների դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, մահվան դեպքերը՝ աճել
ՀՀ ողջ տարածքում 2020 թվականին տեղի է ունեցել 4 016 ճանապարհատրանսպորտային պատահար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
«Այդ թիվը պակաս է 2018 և 2019 թվականների համեմատ: 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 4 111 ՃՏՊ, սակայն վերջին երեք տարում ամենաշատը եղել է 2019-ին՝ 4 799 դեպք: Պատահարների արդյունքում մավան դեպքերը, սակայն, աճել են. 2020 թվականին վթարների հետևանքով զոհվել է 348, իսկ 2018-ին՝ 343, 2019-ին՝ 341 անձ: ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների թիվը 2020-ին եղել է 5 846, իսկ 2018-ին՝ 5 950: 2019 թվականին աճ է արձանագրվել՝ պատահարների արդյունքում տուժել է 6 801 քաղաքացի»,- նշեց Վարդանյանը:
Խոսելով գրանցված մահերի մասին՝ վերջինս ներկայացրեց Երևան քաղաքի պատկերը՝ 2018 թվականին գրանցվել է 1 832 դեպք, ինչի արդյունքում զոհվել է 83 անձ, 2019-ին 2 172 ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 86, իսկ 2020 թվականին տեղի ունեցած 1 554 վթարի պատճառով մահացել է 74-ը:
«Վերլուծելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ Երևանում պատահարների թիվն էականորեն նվազել է, նվազել են նաև մահվան դեպքերը: Մարզերի պատկերի վերլուծության դեպքում, քանի որ ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի գործառույթի գնահատականը հիմնականում կախված է ՃՏՊ-ների քանակի, վիրավորների և մահերի թվից, մենք կարող ենք ասել, որ բոլորովին հակառակ պատկեր ունենք. 2020 թվականի մարզերում արձանագրված մահերը եղել են 274-ը, ինչը միանշանակ բարձր է 2018 և 2019 թվականներից»,- նշեց Վարդանյանը:
Նա ընդգծեց՝ սա փաստում է այն մասին, որ տուգանային միավորների համակարգի ներդրումը Երևանում այս պահի դրությամբ որոշակի արդյունք է տվել:
Լիլիթ Դեմուրյան
Կարծիքներ