Մարմնամարզության ԵԱ. Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի 5 անդամներից 4-ը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս են եկել եզրափակիչ:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլը: Ի դեպ, Դավթյանը հենացատկի եզրափակիչ է դուրս եկել առաջին հորիզոնականով (15,149 միավոր): Նժույգթափերի եզրափակչում է նաև Հարություն Մերդինյանը՝ երրորդ հորիզոնականով (14,500 միավոր): Օղակների վրա վարժության եզրափակիչ են անցել Վահագն Դավթյանը (14,666) և Արթուր Ավետիսյանը (14,633):
Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը: Բազմամարտում նա վաստակել է 78,932 միավոր և դուրս է մնացել մեդալային պայքարից:
Հայաստանի մեծահասակների հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ: Առանձին վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-ին:
Այսօր՝ օգոստոսի 19-ին, Մյունխենում պայքարի դուրս կգան երիտասարդ մարմնամարզիկները: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում էլ ընդգրկված են Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը:
Երիտասարդական հավաքականը մարզիչ Արտակ Այդինյանի գլխավորությամբ հանդես կգա թիմային պայքարում: Երեք մարմնամարզիկներն էլ մասնակցելու են բազմամարտին:
Կարծիքներ