Ընդդիմադիրների քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները. Բաբաջանյան

Ընդդիմադիրների քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները. Բաբաջանյան

Վերջին օրերին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, երթերը, բռնություններով, ատելություն և արժանապատվությունը նսեմացնող հայհոյախոսությամբ ուղեկցվող քաղաքացիական անհնազանդության ակցիաները հատել են օրինականության բոլոր հնարավոր սահմանները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Նժարին, ըստ Բաբաջանյանի, մեր երկրի ժողովրդավարական վարկն ու հեղինակությունն են, որը դեռ 2020թ․ պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հարձակման առարկան է այն խմբերի, ուժերի և անհատների կողմից, ովքեր թաքնված կամ անթաքույց կերպով ղեկավարում, ֆինանսավորում, կազմակերպում և մասնակցում են վերջին շաբաթների հանրային՝ քանակապես նոսրացող, բայց հռետորաբանությամբ օրըստօրե անհանդուրժող դարձող հրապարակային միջոցառումները։

Գրառման մեջ նաև ասված է.

«Այս բոլորը տեղի է ունենում նաև այն պատճառով, որ իշխանությունը չունեցավ բավարար գիտակցություն և կամք, որպեսզի հրապարակում հավաքված քաղաքական ուժերի, անհատների, իշխանության մաս կազմող քրեական տարրերի և օլիգարխիայի անխտիր բոլոր ներկայացուցիչների պետականաքանդ և կեղեքիչ գործունեությանը նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականի արժանացներ, և պատշաճ դատաիրավական բարեփոխումներ և անցումային արդարադատություն իրականացնելու մեկնարկ ազդարեր հեղափոխությունից անմիջապես հետո։

Հայկական ժողովրդավարությունն ու Հայաստանի պետականությունը ներքին թշնամու գործունեության թիրախում են։ Ազգային անվտանգության սպառնալիք դարձած ուժերը հետևողականորեն որոշել են խլել Հայաստանի քաղաքացու ընտրելու իրավունքը՝ իշխանազավթման համար զարտուղի հակաժողովրդավարական միջոցներ և ճանապարհներ փնտրելով և առաջարկելով։

Այսու, Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից պահանջում ենք անհապաղ բոլոր օրինական միջոցները գործադրել Հայաստանում ժողովրդավարության և պետականության պաշտպանության համար։ Հայ ժողովրդից վրեժխնդիր լինելու բռնությամբ և արյան ծարավով տառապող նախկին նախագահներն ու նրանց սպասարկող քաղաքական խմբակները, միջոցների մեջ խտրություն չդնող իրենց նկարագրով չեն կարող խորտակել Հայաստանի հարատևության փարոսը։

Քաղաքական մեծամասնությանը հորդորում ենք բոլոր ժողովրդավարական ուժերի հետ մեկնարկել քննարկումներ՝ երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին, Հայաստանի սահմանների և Արցախի ուղղությամբ հարվածներ սաստկացնող ներքին գործընթացներին, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած արտաքին՝ ռեգիոնալ և գլոբալ մարտահրավերին անվրեպ լուծումներ գտնելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում