Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» է, անակնկալների հարցում՝ պրոֆեսիոնալ․ Ալեքսանյան

Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» է, անակնկալների հարցում՝ պրոֆեսիոնալ․ Ալեքսանյան

Գյումրիի քաղաքապետը, մեծ հաշվով, ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավագանին:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակցությունը ինչպե՞ս է համագործակցելու Գյումրիի քաղաքապետի հետ։

«Ավագանիում ամենամեծ խմբակցությունը չէ, որ պետք է համագործակցության եզրեր փնտրի: Ովքե՞ր են ավագանիում մեծամասնություն: Ասենք, Մարտուն Գրիգորյանը և Վարդան Ղուկասյանը համատեղ մեծամասնությո՞ւն են: Մարտուն Գրիգորյանն այնպիսի մի տեքստ է գրել Վարդան Ղուկասյանին միանալու հետ կապված, որ քիչ էր մնում տակը գրված լիներ՝ ճիշտ է, կքվեարկեմ, բայց... Այսինքն հետագա համագործակցությունը գրեթե բացառող տեքստ է գրել: Հիմա իրենք իրար հետ կոալիցիա՞ են կազմում: Եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն:

Մարտուն Գրիգորյանն ասում է՝ մեկ անգամ քվեարկելու ենք, բայց հետագա պատասխանատվությունը չենք կրում: Մենք Վարդան Ղուկասյանի հետ համագործակցություն չենք փնտրելու: Մենք շարժվելու ենք մեր նախընտրական ծրագրի դրույթների համաձայն: Հիմա կուզե՞ն մեր ծրագրի դրույթներին կողմ քվեարկել, թող կողմ քվեարկեն»,- ասել է նա։

Հարցին՝ ապրիլի 16-ին Գյումրիի առագանու անդրանիկ նիստում անակնկալներ լինելո՞ւ են, Ալեքսանյանը նկատել է.

«Տեղով անակնկալ են: Օրինակ, Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը էդ գծով խիստ պրոֆեսիոնալ է դարձել: Իր՝ Վարդան Ղուկասյանին միանալը խիստ անակնկալ էր, «kinder surprise» էր»:

Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ երեք ուժերը միանալու են Վարդան Ղուկասյանին, դրանից հետո նա ասել է՝ ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ՔՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի, հետո ինքը գնացել Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում