Ինչու հերթական ընդդիմադիր շարժումը ՀՀ-ում ձախողվեց. վարչապետ
«Ես կարծում եմ՝ հիմա շատ կարևոր է, որ մենք միասին գտնենք մի հարցի պատասխան՝ ինչու հերթական ընդդիմադիր շարժումը Հայաստանի Հանրապետությունում ձախողվեց»։
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կարևոր է, որպեսզի մենք գնահատենք ընթացիկ իրավիճակը, նաև՝ նախորդող շրջանը և խոսենք ապագայի մեր անելիքների մասին»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ ինքը լսել է տարբեր մենակաբանություններ ու բացատրություններ և հասկացել, որ այդ մեկնաբանությունների գերակշիքռ մասը բավարար քաղաքական խորություն չունի:
«Իմ գնահատմամբ՝ հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր և նախորդող շրջանում հաստատվում է ՀՀ-ում և ընկալվում ժողովրդի կողմից: Ես դրանում համոզված եմ և այդ համոզմունքին գալիս եմ մարդկանց հետ անմիջական շփումներում»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ չնայած սրան, իր համար զարմանալի է իրենց իշխանության կողմից ամբողջությամբ ընդունված գաղափարախոսության արագ ընկալումը հասարակության մոտ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատճառն այն է, որ այդ գաղափարախոսությունն իրականում ոչ թե քաղաքական մշակման հետևանք է, այլ ժողովրդի մտածածն է, ժողովուրդն է այդ գաղափարախոսության ակունքը:
«Մեր հազարամյա պատմության մեջ առաջին անգամն է, որ մեր ժողովրդի գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական գաղափախոսություն, մենք նման բան երբեք չենք ունեցել: Կառավարությունները մշտապես պարտադրել են իրենց կարծիքը, իրենց գաղափարախոսությունը ու երբեք չեն եղել ժողովրդի խոսնակը»,-հավելել է վարչապետը:
Կարծիքներ