Նոր համագործակցություն և նոր հնարավորություններ երեխաների համար

Հոկտեմբերի 9-ին, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական ջազ նավագախմբի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը և «Հայաստանի պետական ջազ նավագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Բաբայանը: Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը և Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տնօրեն Անուշ Սարգսյանը: Կարևորելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունն ու ինտեգրումը մշակութային կյանքին, կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղելու իրենց ջանքերը՝ իրականացնելու համատեղ մշակութային նախագծեր, որոնք կնպաստեն հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Այն նաև մեծ ոգևորություն և լիցքեր կհաղորդի երեխաներին` երաժշտական կրթություն ստանալու ճանապարհին: Այսպիսով` այս համագործակցությամբ նոր հնարավորություններ են ստեղծվել. «Կողք կողքի» ներառական երաժշտական 6-րդ արտ փառատոնի գալա համերգը տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ: Նվագախմբի հետ համատեղ համերգում երեխաները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տաղանդն ու կարողությունները նաև այս ոլորտում:
Տեղեկացնենք, որ այս տարի ևս փառատոնը անցկացվելու է դեկտեմբերի 1-3-ը: Գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:
Կարծիքներ