Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Միջնորդություն կներկայացվի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ոստիկանները կանխել են հետագա զարգացումները, և ձերբակալել է 5 անձ:

ՆԳՆ ոստիկանությունը նախաքննական մարմին հաղորդում էր ներկայացրել նաև Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարի վնասման դեպքի առնչությամբ:

Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում այդ ժամանակ համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:

Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, որը ոստիկան էր, սպանվել են: Մեկ անձ էլ վիրավորում էր ստացել: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 23-ի կեսգիշերին: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վերջիններիս սպանել և վիրավորել է 20-ամյա Գևորգ Հարությունյանը, որը կալանավորվել է: Ըստ իրավապահների՝ նրան այս գործում օժանդակել է Նարեկ Օհանյանը, որը ևս կալանավորվել է: Նարեկ Օհանյանը փետրվարին Մերձանավում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է: Մեղադրյալ Գևորգ Հարությունյանն իր ցուցմունքներում պնդել է, որ վրեժխնդրությունից դրդված է գնացել այս քայլին:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում