Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին:

Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

«Մշակութային ուղիներ» ծրագիրը մեկնարկել է 1987 թվականին՝ Եվրոպայի Խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգության պահպանությանը և տարածմանը:

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրին 2015 թվականին և այս պահին ներառված է «Գինու» (Iter Vitis) և «Իմպրեսիոնիզմի» ուղիներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում