ՄԻՊ-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ի խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի վայրագություն
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին ներկայացրել է փաստեր Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինուժի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։
Այս մասին Թաթոյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը»,- գրել է Թաթոյանը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խստորեն դատապարտել է ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրել, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիների դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար։
«Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում են նրանց մեթոդներով։ Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նոյեմբերի 1ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշահամալիրի պատերին գրել էին Էրդողանի անվան սկզբնատառերը (RTE- Recep Tayyip Erdoğan) ինչպես նաև իրենց կազմակերպության անվանումը՝ “Grey Wolf”: Նույնատիպ գրառում է հայտնվել նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա:
Կարծիքներ