Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)
Հուլիսի 27-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանն ու Երեւան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Մասնակցում էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների ընտանիքում բռնության կանխարգելման եւ անչափահասների գործերով բաժանմունքների ու հերթապահ մասերի պետերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընտանեկան բռնության եւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։
Նելլի Դուրյանն այս համատեքստում վեր հանեց առկա խնդիրները՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ՝ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հատուկ անդրադարձ կատարվեց կանխարգելիչ բնույթի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտությանը։ Այս առումով կարեւորվեց անչափահասների գործերով ծառայողների եւ տարածքային բաժինների այլ ստորաբաժանումների ծառայողների միջեւ ակտիվ համագործակցությունը։
Արմեն Գասպարյանը, խոսելով վեր հանված խնդիրներից, ընդգծեց, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում արդյունավետ պայքար մղել ընտանեկան բռնությունները կանխելու առումով, ուստի պետք է արվի առավելագույնը՝ նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Նմանօրինակ խորհրդակցություններ նախատեսվում է անցկացնել նաեւ ոստիկանության մարզային ստորաբաժանումներում։
Նշենք, որ անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է Թեժ գիծ:
«Հարցերի դեպքում զանգահարել 011596655 հեռախոսահամարով՝ բացի շաբաթ և կիրակի օրերից»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ