Ադրբեջանի ԶՈՒ-ն բետոնե պատնեշով փակել է կյանքի ճանապարհը 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար. Մարուքյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն բետոնե պատնեշով փակել է կյանքի ճանապարհը 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում երեկ՝ հունիսի 22-ին  արգելապատնեշներ տեղադրելու փաստին:

«Թարմ սադրանք Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինուժը բետոնե պատնեշ է տեղադրել՝ փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխայի համար:

Դա արվել է Հաագայի դատարանի երեկվա որոշումից հետո:

Բացի ապօրինի անցակետի ստեղծումից ու զրահատեխնիկայի ժամանումից, Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»։

Երեկ՝ հունիսի 22-ին, ԵԽԽՎ-ն ընդունել էր «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը:

Վեհաժողովը կոչ էր արել Ադրբեջանին գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար: ԵԽԽՎ-ն կոչ էր արել նաև անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում