Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Այսօր` օգոստոսի 6-ին, Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգել է 75 տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլած Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիրոսիմայի կենտրոնում գտնվող Խաղաղության այգում այս տարվա միջոցառումը տեղի է ունեցել սահմանափակ ձևաչափով` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը:
Տեղի ժամանակով ժամը 08:15-ին (Երևանի ժամանակով 03:15-ին)՝ ճիշտ 75 տարի առաջ ատոմային ռումբի պայթելու ժամին, ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել, որը, սովորաբար, հաշվարկվում է զանգերի ղողանջներով:
Լռության րոպեից հետո այգում ելույթով հանդես են եկել Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Հիրոսիմայի ղեկավարությունը չի հստակեցրել, թե այլ պետությունների քանի ներկայացուցիչ կարող է մասնակցել հիշատակի արարողություններին: Ողբերգական օրվա կապակցությամբ Հիրոսիմայի ղեկավարությանն իրենց ուղերձներն են հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը 2016 թվականին դարձել էր ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելել է այս քաղաք:
1945 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի օդաչուներն ատոմային ռումբեր են նետել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայում, որտեղ այն ժամանակ ապրում էր շուրջ 350 000 մարդ, մահացել է 140 000-ը, Նագասակիում մահացել է 74 000 մարդ: Ատոմային այս ռմբակոծությունների զոհերի ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:
Կարծիքներ