Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկապարտեզ է բացվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված շենքը նախատեսված է 60 երեխայի համար և ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:
Երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել Երեխաների պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական ուսումնական հաստատության բացմամբ նշանավորելը։ Արայիկ Հարությունյանը տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին, ընդգծել, որ իշխանությունների կողմից գործադրվում են բոլոր ջանքերն Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու ուղղությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:
Կարծիքներ